AM
29 Մայիս 2012 - 10:32 AMT

Էնդոկրինոլոգը խորհուրդ չի տալիս ամռան տապին ծարավը և քաղցը հագեցնել պաղպաղակով և գազավորված ըմպելիքներով

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խորհուրդ չի տալիս քաղաքացիներին քաղցը և ծարավը հագեցնելիս օգտագործել պաղպաղակ կամ գազավորված ըմպելիքներ: Ըստ նրա, այդ մթերքներում պարունակվում են արագ յուրացվող ածխաջրատներ, որոնք թույլ չեն տալիս հագեցնել ծարավը կամ քաղցը, ուստի օրգանիզմը կարճ ժամանակ անց դարձյալ նոր ածխաջրատների կարիք է զգում: «Ծարավը լավագույնս կհագեցնի սովորական ջուրը, իսկ քաղցը` դանդաղ յուրացվող ածխաջրատներ պարունակող սնունդը»,-ասել է նա մայիսի 29-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է Հայաստանում վաճառվող պաղպաղակի որակին, այս առնչությամբ Սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ընդգծել է, որ քաղաքացիներից օգտագործվող պաղպաղակի որակի վերաբերյալ բողքոներ չեն արձանագրվել, չնայած, որ փաթեթի վրա գրանցվում է պահպանման ժամկետը, սակայն ոչ արտադրության: Ընդ որում, նա խորհուրդ է տվել զերծ մնալ փողոցում վաճառվող «լցնովի» պաղպաղակ օգտագործելուց, քանի որ չկա որևէ փորձագիտական եզրակացություն դրա մանրէաբանական կազմի մասին: