Մայիսի 30-31-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ Աստանայում գումարվել էր Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` «Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն» խորագրով:
Համաժողովի ընթացքում քննարկվել են «Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում», «Կրոնը և կինը. հոգևոր արժեքները և ժամանակակից մարտահրավերները», «Կրոնը և երիտասարդությունը» և այլ թեմաներ:
Կաթողիկոսարանից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ժողովին Նաթան արքեպիսկոպոսի կողմից ներկայացվել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի խոսքը համաժողովի մասնակիցներին:





