Հունիսի 1-ին «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցներն այցելեցին «Օրրան» մանկական բարեգործական ընկերություն` սաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորելու նպատակով: Արդեն 2 տարի է, ինչ Բանկը համագործակցում է տվյալ ընկերության հետ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:
«Այս տոնական օրը երեխաներին մաղթում եմ ամենայն բարիք, անամպ երկինք և խաղաղություն: Բանկում իրագործվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մշտապես կարևորելու ենք երեխաների նկատմամբ մեր հոգատարությունը», – նշեց Բանկի Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Այսօրվա դրությամբ «Օրրան»-ի սաների թիվը կազմում է անապահով ընտանիքների մոտ 100 երեխա, որոնց համար «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ծրագրի շրջանակներում Բանկն իրագործում է հատուկ նվիրատվություն`վճարելով ամառվա ամիսների ընթացքում սաների` «Օրրան» հաճախելու հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը:
Ինչպես հայտնեց կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը`դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաները դասերի ավարտից հետո հաճախում են «Օրրան», որտեղ նրանք ստանում են տաք սնունդ և անհրաժեշտ հագուստ, կատարում են իրենց տնային առաջադրանքները: Բացի այդ, կազմակերպության մասնագետները սովորեցնում են նրանց տարբեր արվեստներ`խեցեգործություն, փայտամշակում, քանդակագործություն, մաքրամե, իսկ ամենաշնորհալի սաներն իրենց ուսումը շարունակում են բուհերում, ընդ որում կազմակերպությունն իր վրա է վերցնում ուսման հետ կապված բոլոր ծախսերը:
Արմինե Հովհաննիսյանի խոսքերով` ֆինանսավորումը ապահովվում է հովանավորների միջոցներով: «Մենք արդեն երկրորդ տարին ենք համագործակցում բանկի հետ և հուսով եմ, որ այն լավ օրինակ կծառայի նաև գործածար ոլորտի այլ ներկայացուցիչների համար», – նշեց նա:





