Հայրենասերներին պիտակավորելով` երեխային ցույց ենք տալիս, որ դա ամոթ է և ապազգային արժեքների վրա ենք դաստիարակում, կարծում է գրող, հրապարակախոս Վահե Անթանեսյանը: Մամլո ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այսօր երեխաներ կան, ովքեր իրենց կենդանի պապի անունը չգիտեն: Հեռուստատեսությամբ այլասերվածություն է քարոզվում: Գրողը փրկությունը տեսնում է ավանդական ընտանիքի և հայկական կեցվածքի մեջ:
Արևմտյան արժեքները հանգեցնում են մանկապղծության: Նրա կարծիքով, Արևմուտքի քարոզի նպատակն այլասերությունն է, և թիրախային խումբը հենց երեխաներն են: Բացի այդ, հեռուստատեսությամբ նույնպես ագրեսիա է քարոզվում մուլտֆիլմերի միջոցով, որոնք ոչ մի բարի բան չեն սովորեցնում:
Ասուլիսի մյուս բանախոսը, հրապարակախոս Լիա Ավետիսյանը նշեց, որ եթե երեխային հեքիաթ չես պատմում, նա հոռետես է դառնում, հույս չի լինում նրա մեջ, ավելի չարանում է: Ավետիսյանի խոսքով, երեխան պետք է շատ սեր ստանա, այլապես նա կմեծանա բարդույթներով: Ըստ նրա, ոգեղեն դաշտն, այսօր, հանվել է դուրս, և բոլորը դարձել են նյութապաշտ, որն ազգություն չունի: Դա բերում է երեխայի հոգեկան աշխարհի խեղաթյուրմանը: Լինելով միատարր պետություն, չենք օգնում բազմազավակ ընտանիքներին, ինչը ցույց է տալիս, որ խաթարված է ազգային գաղափարը, այնինչ պետք է ուշադրություն դարձնել ընտանիքին, վերականգնել հերոսուհի-մայր կոչումը, ասել է հրապարակախոսը:





