Վաղը` հունիսի 5-ին, 17.00-19.00 Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը կազմակերպում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մրցույթ: Այս մասին նշված է «Մենք կարող ենք» շարժման տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
2012թ.-ին հունիսի 3-8 ամբողջ աշխարհում նախատեսվում է իրականացնել ավելի քան 8000 միջոցառում` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան, որի թեման է «Կանաչ տնտեսությունը»: Այս կավճանկարչության ֆլեշմոբ տարբերակով իրականացվող միջոցառումը ներառված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների ցանկում:
Մասնակից երեխաները միասին նկարելու են մեր մաքուր շրջակա միջավայրը՝ մաքուր բակը, այգին, անտառը, քաղաքը, երկիրը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է օրվա խորհուրդը՝ արժևորել և պահպանել իրենց շրջակա միջավայրը: Երեխաներին հանրամատչելի ձևով կներկայացվի աղբի տեսակավորման և վերամշակման մասին տեղեկատվություն:
«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման մասնակից մի շարք կազմակերպություններ նախատեսել են բազմաթիվ մրցանակներ:
Կավճանկարչության մրցույթը տեղի է ունենալու հետևյալ վայրերում.
1. ք. Երևան – Մանկական զբոսայգի /նախկին Կիրովի այգի/: 2. ք. Հրազդան – թիվ 4 դպրոցի բակ 3. ք. Ալավերդի – Սանահին սարահարթ թաղամաս 2/29Ա, թիվ 6 մանկապարտեզի բակ) 4. գ. Աքորի դպրոցի բակ 5. գ. Հաղպատի դպրոցի բակ 6. ք. Եղվարդ – փ. Երևանյան 7Բ, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բակ 7. ք. Իջևան – փ. Աշոտ Մելիքբեկյան, Մշակույթի տան հարևանությամբ 8. ք. Գավառ – Գավառի հրապարակ / Մ. Աստվածածնի եկեղեցու հարևանությամբ/ 9. ք. Ապարան – փ. Գարեգին Նժդեհի 2, Ապարանի ավագ դպրոցի բակ





