Ֆրանսիայի «Ազգային ճակատ» խոշորագույն ուլտրաաջ կուսակցությունը չի բացառում երգչուհի Մադոննայի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը: Վերջինս համաշխարհային շրջագայության ժամանակ ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարի Լե Պենի պատկերը համադրել է ֆաշիստական խորհրդանիշների հետ: Այդ մասին հաղորդում է France 3-ը: Մայիսի 31-ին M.D.N.A ալբոմի օժանդակության համաշխարհային շրջագայությունը սկսելով համերգից Իսրայելում` Մադոննան բեմի ձևավորման մեջ օգտագործել է տեսամոնտաժ, որի դրվագներից մեկում կարելի է տեսնել Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուի լուսանկարը` ճակատին սվաստիկայի նշանով:
Անձամբ Մարի Լե Պենը 53-ամյա փոփ-դիվայի արարքը բացատրել է տարիքով և նրա ստեղծագործության հանդեպ նվազող հետաքրքրությամբ: Քաղաքական գործիչը խոստացել է, որ եթե Մադոննան նման հնարք կիրառի նաև համերգի ժամանակ Ֆրանսիայում, նրան «պատասխան տհաճություններ» են սպասվում: Ընդ որում Լե Պենը չի ճշտել, թե արդյոք խոսքը գնում է երգչուհու դատական հետապնդման մասին:
Մադոննայի համերգը Ֆրանսիայում ծրագրված է հուլիսի 14-ին` այն օրը, երբ երկիրը նշելու է Բաստիլիայի գրավման ազգային տոնը:





