Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դեսպանը նաև առաջարկել է մշտապես մաքրություն պահպանելու համար տարբեր տարածքներում աղտոտելն արգելող ցուցանակներ փակցնել և կիրառել իրավաբանական գործիքներ՝ տուգանքներ: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արշավի և առաջարկությունների համար:
Հավաքված աղբը տարածքից հեռացվել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած աղբատարներով:





