AM
7 Հունիս 2012 - 08:24 AMT

Այս տարի Հայաստանում անտառների հրդեհման 46 դեպք է գրանցվել

Այս տարի Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է անտառների հրդեհման 46 դեպք, այրվել է 186 հա տարածք: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայանտառ»ՊՈԱԿ գլխավոր անտառապետ` Ռուբեն Պետրոսյանը: Նրա խոսքով, հանրապետությունում անտառների այրման պատճառները հիմնականում մարդածին են:

Այսինքն, գյուղացիները բերք ստանալուց հետո վառում են դաշտերն ու արտերը, որպեսզի մաքրեն այդ տարածքները և արդյունքում կրակն արագ տարածվելով հասնում է անտառին:

Անցած տարի երկրում գրանցվել է անտառների հրդեհման 453 դեպք, այրվել է 472 հա տարածք, հիմնականում Տաշիրի և Գուգարքի տարածաշրջանում:

Պետրոսյանը նաև նշեց, որ առաջ ամենահրդեհավտանգ տարածաշրջանը Սյունիքն էր, և անցած տարի այնտեղ ստեղծվեցին արագ արձագանքման խմբեր, որոնց տեխնիկական հագեցվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Կապանում և Գորիսում անտառային հրդեհները հասել են զրոյական աստիճանի: Այժմ ամենահրդեհավտանգ տարածքը Լոռու մարզն է:

Հունիսի 13-ին ՊՈԱԿ-ը սկսելու է վնասատուների դեմ պայքարը Սյունիքում, Վայոց ձորում, Արագածոտնում և Կոտայքի մարզերում: 9000 հա-ի վրա իրականանալու է վնասատուների դեմ պայքար, իսկ 500 հա տարածության վրա կենսաբանական պայքար:

« Հայաստանի անտառներ » ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանն ավելացրեց, որ հրդեհավտանգ շրջան, որպես այդպիսին չկա:

Անտառների պահպանման համար, ըստ Վարդանյանի, անհրաժեշտ է կարգավորել օրենսդրական դաշտը: Նախագահի կարծիքով, կա ինստիտուցիոնալ կառուցվածքների իրավունքների բաշխում, և հրդեհի պահին յուրաքանչյուր կառուցվածք պետք է իմանա իր պարտականությունները: Բացի այդ, շատ կարևոր է հրդեհի կանխարգելումը, որը լուրջ միջոցառումների շարք է, ինչի համար մեծ ֆինանսներ են պետք:

Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում այրվել է 1500 հա տարածք: