AM
8 Հունիս 2012 - 06:49 AMT

Սևանում կկառուցվի 5 նոր հանրային լողափ

ՀՀ Նախագաի հանձնարարականով հունիսի 7-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ևս 5 հանրային լողափի ստեղծման համար տարածքներ` Սևան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից` 5.5 հա, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից` 5.0 հա, Լճաշեն համայնքին հարակից տարածքից` 1.37 հա, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից` 3.3 հա, Նորատուս համայնքին հարակից տարածքից` 0.78 հա:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, լողափերի կառուցման ֆինանսավորումը իրականացվելու է ՄԱԿ-ի Փոքր Դրամաշնորհային ծրագրի և «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտում արդեն ստեղծվել և գործում են հանրային հինգ լողափ, որից երկուսը` ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N527-Ն որոշմամբ: Անվճար գործող լողափերում առկա են` ավտոկանգառ, հանդերձարան, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետ, փրկարար ծառայության կետեր, շվաքարաններ, բիոզուգարաններ, բարեկարգ լողափ և այլ ծառայություններ: 2011թ. հուլիս ամսից հանրային անվճար լողափերից օգտվել է շուրջ 100 հազար հանգստացող: