ԵԱՀԿ առաքելության Վրաստան վերադառնալու հարցերն են Թբիլիսիում քննարկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն ու ԵԱՀԿ գործող նախագահը, Իռլանդիայի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը: Ինչպես հայտարարել է Գիլմորը, ԵԱՀԿ-ն ուսումնասիրում է Վրաստանում իր առաքելության վերականգնման ուղիները:
«Իռլանդիան, որպես ԵԱՀԿ նախագահ բանակցում է մի քանի երկրների հետ տարբեր տարբերակների շուրջ, սակայն դեռևս ես ոչինչ ասել չեմ կարող»,-ասել է նա:
Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: «Մենք դատապարտում ենք Վրաստանի մի մասի օկուպացիան»,-ասել է նա:
Կողմերը քննարկել են նաև վրաց-իռլանդական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:





