AM
14 Հունիս 2012 - 12:28 AMT

Սուրեն Զոլյան. Կրթության և գիտության նախարարության պատասխանն անգրագիտություն է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԼՀ (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցադիմումի քննման առաջին նիստը, որի ընթացքում վիճարկվում էր ԿԳ(Կրթության և գիտության) նախարարի Զոլյանի` որպես բուհի ռեկտորի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Սուրեն Զոլյանն ասաց, որ այսօր նիստին կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ծանոթացել հայցին, մյուս նիստին հնարավորություն է տրվելու ներկայացնելու իրենց ապացույցները:

ԵՊԼՀ նախկին ռեկտորն ասաց, որ պատասխանող կողմի ասածը դատարկաբանություն էր. «Անգրագիտութուն անգրագիտության ետևից, նրանք իրենց պատասխանի մեջ չանրադարձան հայցվորի ոչ մի հարցադրման։ Պատախանի ողջ իմաստն այն էր, որ նախարարը ճիշտ է ամեն ինչում, քանի որ նախարար է»:

Սուրեն Զոլյանը նշեց, որ իրենք ԿԳ պատասխանը տեղադրելու են նոր` unifree.am կայքում, որ բոլորը տեսնեն , թե ինչ մակարդակի մարդիկ են աշխատում ԿԳՆ-ում: