«Երկիր» թերթը գրում է, որ Չարենցավանի 23–ամյա բնակիչ Հովհանես Բաբայանը մահացել է քաղաքից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան աշխատանքների ապամոնտաժման ժամանակ։
«Շինության պատկանելիության և դեպքի վերաբերյալ «Երկիր»–ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի առաջ վաճառել է։ Նոր սեփականատերն այս տարիների ընթացքում սեփական միջոցներով վաճառել է կաթսայատան ապամոնտաժումից առաջացած շինանյութը։ «Բոնուսը» եղել է կաթսայատան 120 մետր երկարության ծխնելույզը, որի ոչ ճիշտ ապամոնտաժումն էլ դարձավ դժբախտ պատահարի պատճառ։ Ուշագրավ է, որ աղյուսե շինարարական ամրանի արժեքը 250-300 ԱՄՆ դոլար է։ Մեր տեղեկություններով ծխնելույզը սկզբում ցանկացել են ապամոնտաժել պայթեցման եղանակով, բայց Շահգալդյանները սեփականատիրոջը զգուշացրել են, որ ապամոնտաժումն անաղմուկ կազմակերպվի և որ ամենակարևորն է` այնպես, որ չվնասվի ծխնելույզից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Շահգալդյանների ապակեպատ ջերմոցը։ Շահգալդյանների ջերմոցը, իհարկե, հիմա տեղում է, բայց անվտանգության կանոնները չպահպանելու և ոչ գրագետ ապամոնտաժման պատճառով զոհվեց 23ամյա երիտասարդը»,–գրում է օրաթերթը։





