AM
18 Հունիս 2012 - 14:33 AMT

«Չենք լռելուն» այցելել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ՊՆ մայորին

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանին:

«Չենք լռելու»-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախաձեռնության անդամները զրուցել են ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի հետ: Վերջինս հայտնել է, որ ծեծի ենթարկված Ավետյանը երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, գլխուղեղի դիսլոկացիա` մոտավորապես 3-4 աստիճան, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը թեքվել էր դեպի մյուս կիսագնդի մեջ:

Անտոնյանն իր կոլեգայի վիճակը ծայրահեղ ծանր է համարում, ինչը նշանակում է, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:

Վերակենդանացման բաժանմունքի պետը նշել է, որ ծեծի է ենթարկվել նաև Ավետյանի ընկերը` հոսպիտալի մեկ այլ աշխատակից, միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը: Վերջինս գանգուղեղի ծանր ցնցումով նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Չենք լռելու»-ն իր պատրաստած տեսանյությում, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցույց տալ Ավետյանի վիճակը` որպես ևս մեկ ահազանգ այն իրողության, թե որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստավզերի տերերը` նրանց թևեր տվողները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :