20 ուսանողներից կազմված Հայաստանը ներկայացնող շինարարական ջոկատը այսօր` հունիսի 27-ին, մեկնել է Սոչի՝ օլիմպիական օբյեկտների կառուցմանը մասնակցելու նպատակով: Ուսանողական ջոկատը ձևավորված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հիմքի վրա:
Հայաստանի ներկայացուցիչները ամբողջ ամառ աշխատելու են Ադլեր կայարանից «Ալպիկա-սերվիս» լեռնակլիմատիկ առողջարան տանող համակցված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհի շինարարությանը:
ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողական ջոկատները ձևավորվել են «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախաձեռնությամբ: 2009-2012 թթ. Օլիմպիական շինարարությանը մասնակցեցին ավելի քան 2800 ուսանող, այդ թվում 250-ը՝ ԱՊՀ-ից և Բալթիայից: Հայկական ջոկատը մասնակցում է ծրագրին արդեն երեք տարի շարունակ:
Իսկ հունիսի 25-ին ուսանողներին ընդունել «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
«ԱՊՀ և Բալթիայի երկրները ներկայացնող այլ ուսանողների հետ միասին ձեզ սպասում է շատ հետաքրքիր աշխատանք, որը դուք միշտ հիշելու եք, որպես ինքնաարտահայտվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար լավագույն ժամանակ: Ձեր վրա դրված է շատ մեծ պատասխանատվություն, քանի որ Սոչիում դուք ներկայացնելու եք Հայաստանը, ՀԿԵ-ն և ձեր բուհերը», – ասել է երկաթուղու ղեկավար Վիկտոր Ռեբեցը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ուսանողները հնարավորություն ունեն հետագայում աշխատանքի անցնել ՀԿԵ-ում, որը համապատասխան աշխատանքային փորձ ունեցող, ակտիվ և որակյալ մասնագետների կարիք ունի:
Ջոկատի յուրաքանչյուր անդամի հետ կնքվելու համապատասխան աշխատանքային պայմանագիր, իսկ ամառային աշխատանքի ընթացքում նախատեսվում է նաև տարբեր կրթական, մարզական և մշակութային միջոցառումների անցկացումը:





