«Ժողովուդր» թերթը գրում է, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում մեկ ուշագրավ հարց է ընդգրկված։ ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել Աֆրիկա մայրցամաքի բոլոր երկրների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագիր տալու ընթացակարգը։ Ըստ ԱԱԾ-ի կառավարությանը ներկայացրած հիմնավորման ` վերջին ժամանակներս արձանագրվել է Աֆրիկա մայրցամաքի պետությունների քաղաքացիների կողմից Եվրոպա մեկնելու համար ՀՀ տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելու փորձերի աճ։
«Նշված կոնտինգենտի անձինք ժամանում են ՀՀ և գտնվում այստեղ անօրինական կերպով, կամ ձևական ստեղծված ֆիրմաների միջնորդության հիման վրա փորձում են ստանալ կեցության ժամանակավոր կարգավիճակ, որի հետևանքով դրանց հոսքը կարող է դառնալ անկառավարելի և ստեղծել բազմաթիվ խնդիրներ, ինչպես սոցիալական, դեմոգրաֆիական, առողջապահական, այնպես էլ քրեածին բնույթի։ Կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու դեպքում Աֆրիկայի երկրների քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ»,–գրում է թերթը։





