AM
28 Հունիս 2012 - 08:27 AMT

Արա Բաբլոյան. Պարտադիր բժշկական ապահովագրությունը կտարածվի նաև մասնավոր հատվածի վրա

Առաջիկայում աշխատանքներ են տարվելու բժշկական պարտադիր ապահովագրությունը նաև մասնավոր սեկտորի վրա տարածելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Ըստ նրա` պարտադիր ապահովագրության շրջանակներում մասնավոր հատվածի համար գները նույնը կլինեն, ինչ պետականի. «Կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծել այդ քայլից առաջ, հատուկ ենթակառուցվածք պետք է ստեղծել և այլն»,–ասաց Բաբլոյանը:

Նրա համոզմամբ, պետք է հասնել այն կետին, որ բուժաշխատողի համար տարբերություն չլինի, թե ում համար է նա աշխատում` ապահովագրված, թե չապահովագրված հաճախորդի։

«Պետք է նաև տարբեր կազմակերպությունների ղեկավարների հոգեբանությունը զարգանա։ Նրանք պետք է հասկանան, որ ապահովագրելով իրենց աշխատակիցներին, ավելի են բարձրացնում նրանց աշխատանքի որակը»,–ասաց ԱԺ պատգամավորը :

Բաբլոյանի տվյալներով պետական աշխատողներից 120 հազար մարդ արդեն ստացել է բժշկական ապահովագրություն։

Նա նշեց նաեւ, որ առաջիկա հինգ տարվա ծրագրով աշխատանքեր են տարվելու և մեծ ուշադրություն է դարձվելու սրտանոթային հիվանդություններին, քանի որ Հայաստանում այդ հիվանդություններից մահացությունների թիվը աննախադեպ մեծ է։