Հայաստանը պաշտոնապես ստանձնեց Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ով նշեց, որ քարտուղարության ստանձնումը Հայաստանին կտա շփումների նոր հարթակ, համագործակցության նոր մակարդակներ և այն մեծ փորձառություն կլինի Հայաստանի համար և խթան կհանդիսանա բարձրագույն կրթական համակարգում բարեփոխումների համար:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն:
Ապրիլի 25-27-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին:
Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվել է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը:
Ըստ այդմ` 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանն առաջիկա երեք տարիների ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ:
Քարտուղարության փոխանցման կապակցությամբ Հայաստան են ժամանել Կիպրոսի և Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչները: Այս երկրները ստանձնել են քարտուղարության նախագահությունն ու փոխնախագահությունը:





