Այսօր` հունիսի 28-ին բացվեց Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորման (ՀԿ ԲՀՄՄ) ստեղծման 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ժողովը: Միջոցառմանը մասնակցում են կազմակերպության նախագահության անդամները և տարաշրջանային ատամանները, ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանում ՌԴ-ի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև կազակական կառույցների ղեկավարներ` Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից:
Միավորման գլխավոր ատաման, գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն տարի նշվում է այս տոնը, և ամեն տարի հյուրընկալում են Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից կազակական շարժման ղեկավարներ: «Այսօր մենք բարձրացանք Քանաքեռ, 1825-28 թթ-ի զոհված կազակ հերոսների հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցեցինք: Մեր կազմակերպությունը ծրագրեր է մշակել կազակների հիշատակը վառ պահելու համար: Կա մեծ ծրագիր, քառակողմ պայմանագիր է կնքվել` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի միջև և Գյումրիի քաղաքապետի հետ, և Գյումրիում կառուցվելու է կազակական միջազգային կորպուս: Այնտեղ կլինի դպրոց 5-րդ դասարանից սկսած որբ քրիստոնյա երեխաների համար, ովքեր կկարողանան սովորել և դառնալ զինվորներ»,-ասաց Զադոյանը:
«Ես շնորհավորում եմ եղբայր կազակներին այս տոնի կապակցությամբ: Սա միասնության բարի և հզոր տոն է: Մենք, ընդհանուր առմամբ, մեկ կազակություն ենք, ծառայում ենք Աստծուն, մեր ընտանիքներին: Մեր գլխավոր նպատակներից մեկը աճող սերնդի դաստիարակությունն է: Ես եկել եմ հանդիպելու եղբայր կազակների հետ, շնորհավորելու, և ներկա գտնվելոի հանդիսություններին»,-ասաց կազակների գծով ՌԴ նախագահական խորհրդի անդամ, կազակների գեներալ Վալերի Նալիմովը:
«Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորումը» (ԲՀ ՄՀԿՄ) ոչ պետական, ինքնավար եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում: Բարի կամքի անդամության հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը, օգտագործելով ազգային դիվանագիտության հնարավորությունները, ձգտում է ծառայել բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի կազակության հետ կապերի ամրապնդման, բազմակողմանի համագործակցության զարգացման գործին: Ներկայումս ԲՀ ՄՀԿՄ-ին 6 հազար հոգի է անդամակցում:





