Փաստաբան Լուսինե Սահակյանը կտրուկ քննադատել է Հայաստանի արդարադատության համակարգը` նշելով, որ հայկական դատարանների կողմից ընդունվող և ապա Եվրոպական դատարանում վիճարկվող անօրինական որոշումների պատճառով հետագայում պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: «Հայաստանում դատարանները հիմնականում արդարադատություն չեն իրականացնում` թույլատրելով բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում տուժում է պետությունն ու հարկատուները»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Սահակյանի կարծիքով` քանի դեռ նման վճիռներ կայացնող դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում, խախտումները շարունակվելու են:
Փաստաբանը նշել է նաև Վերաքննիչ դատարանի անբավարար աշխատանքը, որը կյանքի չի կոչում անգամ իր իսկ կողմից ընդունված որոշումները նախադեպի հիման վրա: Սահակյանը, մասնավորապես, նշել է երկու կետ` ծանր և առանձնակի ծանր հանցագործություն կատարած անձանց գրավի դիմաց ազատ արձակելը, ինչպես նաև որպես խափանման միջոց` ձերբակալության հաճախակի կիրառումը: Վերջինիս` որպես չարդարացված միջոցի կիրառման օրինակ փաստաբանը բերել է Կամո Փիրուզյանի ձերբակալությունը, որը կատարվել էր ապօրինաբար, և որի արդյունքում նա բանտում անցկացրել էր 14 ամիս, որից հետո նրա գործը դիտարկել էր Եվրոպական դատարանն ու արդարացրել:





