AM
13 Հուլիս 2012 - 08:13 AMT

Սիրիայի վերաբերյալ ժնևյան հանդիպումը անարդյունք ավարտվեց

Ըստ հանդիպման արդյունքում ընդունված պաշտոնական հաղորդագրության, փոփոխությունները նախատեսում են ստեղծել անցումային կառավարություն, որի կազմում ներառված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, որպեսզի Սիրիան վերածվի մարդու իրավունքների պաշտպանությունը լիարժեքորեն երաշխավորող ժողովրդավարական, պլյուրալիստական պետության: «Դա նշանակում է, որ անցումային կառավարությունը օժտված կլինի լիարժեք գործադիր իշխանությամբ: Այն կարող է իր կազմում ներառել ներկայիս իշխանության և ընդդիմության, ինչպես նաև այլ խմբերի ներկայացուցիչների և պետք է ձևավորվի փոխադարձ համաձայնության հիման վրա»,-ասվում է հաղորդագրությունում: Հավաքվածների կարծիքով, հակամարտությունը Սիրիայում կավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը երաշխիքներ կստանան, որ կա հանուն բոլորի համար ընդհանուր ապագայի կարգավորման խաղաղ ուղի: Ինչպես նշել են «գործողությունների խմբի» հանդիպման մասնակիցները, սիրիացիները իրենք պետք է որոշեն իրենց երկրի ապագան: Որպեսզի Սիրիայում փոփոխություններ իրականանան, Ժնևում կայացած հանդիպման մասնակիցները կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը, զորքն ամբողջությամբ դուրս բերել քաղաքներից և տեղափոխել զորամասեր, զինաթափել և կազմալուծել զինված խմբերը, ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քանի որ, ինչպես ենթադրում են դիտորդները, Սիրիային սպառնում են պառակտում ու քաղաքացիական պատերազմ, «գործողությունների խմբի» մասնակիցները կոչ են արել հարգել երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնականությունը և տարածքային ամբողջականությունը, հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության միջոցով` առանց բռնության կիրառման: Հանդիպման մասնակիցները հաստատել են աջակցությունը երեք ամիս առաջ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատոկ դեսպանորդ Քոֆի Աննանի կողմից Սիրիայի վերաբերյալ առաջադրված կարգավորման ծրագրին: Վերջինս նախատեսում է հակամարտության մասնակիցների կողմից կրակի պարտադիր դադարեցում և քաղաքական երկխոսության մեկնարկ: Ծրագիրն առայժմ չի գործում, այդ պատճառով էլ Աննանը Ժնևում հրավիրել է «գործողությունների խումբ», որպեսզի մշակի լրացուցիչ միջոցներ և ազդեցություն թողնի Սիրիայի իշխանությունների և ընդդիմության վրա: Խումբը նաև կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը պայմաններ ապահովել 300 հոգուց բաղկացած միջազգային ռազմական դիտորդների կորպուսի աշխատանքների համար և երաշխավորել հումանիտար օգնության հասանելիությունը այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:

Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի ղեկավարները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրաքի, Քուվեյթի, Քաթարի ԱԳ նախարարները և Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Մոսկվան սխալ է համարում Ժնևում կայացած Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի զարգացումների կիրառումը` այսպես կոչված Սիրիայի «բարեկամների խմբի» նպատակների առաջխաղացման համար: «Մեզ ասել էին, որ եթե ժնևյան հանդիպումը արդյունավետ ավարտ ունենա, ապա մեր գործընկերները կմտածեն, արդյոք արժե գումարել Սիրիայի «բարեկամների» հերթական հանգիպման նիստ: Ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա. նրանք պատրաստվում են անցկացնել այն: Դա նրանց իրավունքն է: Այդ ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք արդեն արտահայտել ենք»,-ասել է Լավրովը:

Հիլարի Քլինթոնը և Լորան Ֆաբիուսը հաստատել են, որ փաստաթուղթը ենթադրում է Բաշար Ասադի հրաժարականը, մինչդեռ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ իրադարձությունների նման ընթացքը չի բխում ընդունված նախագծից: Քոֆի Աննանը, խոստովանելով խնդրի բարդությունը, հայտարարել է, որ համաձայնագրի տեքստը քվերակության կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որպեսզի դրան կշիռ հաղորդի, ասվում է հոդվածում: Առհասարակ, արևմտյան փորձագետների կարծիքով, քանի դեռ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են աջակցել Ասադին, քաղաքացիական պատերազմը շարունակելու է թափ հավաքել, իսկ քաղաքացիական հասարակության փրկության համար իրաիանացվող ռազմական օպերացիան անհնար կլինի իրականացնել:

Սիրիացիներին «փրկելու» Արևմուտքի մաքուր մտադրություններին դժվար է հավատալ: Սիրիան Իրան ներխուժելու համար հարմար պլացդարմ է, և եթե հաջողվի փոխարինել Ասադին, ապա դեպի Թեհրան ուղին եթե ոչ բաց, ապա գոնե ավելի թեթև կլինի: Համենայն դեպս, այսպես են կարծում ժնևյան հանդիպման մասնակիցները: Ինչպես հիշում ենք Լիբիայում և «արաբական գարնան» մյուս երկրներում ևս խոսում էին ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին: Իսկ թե ինչի վերածվեց այդ ամենը, ականատես եղավ ողջ աշխարհը: Սիրիան ամբողջ ուժով փորձում է հեռանալ այդ սցենարից: Կստացվի դա, թե ոչ` կախված է ոչ միայն Ռուսաստանից ու Չինաստանից, այլ նաև Իրանից: Կարելի է կարծել, որ ամեն ինչ դեռ առջևում է: