AM
3 Հուլիս 2012 - 14:30 AMT

Սփյուռքից ժամանած պարային խմբերը ելույթ են ունեցել Լոռու մարզում

Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում:

Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր մեկնել են Լոռու մարզ:

Սպիտակ քաղաքում նրանց դիմավորել են քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերն այցելել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի է ունեցել համերգ:

Հանդես են եկել Ռումինիայի Բուխարեստ քաղաքի հայկական միության «Վարդավառ» պարախումբը, Իրանի Սպահան քաղաքի «Արարատ» մշակութային միության «Կռունկ» համույթը, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի «Նաիրի» պարախումբը, Վրաստանի Ախալքալաքի շրջանի մշակույթի կենտրոնի «Վաչյան» համույթը: Համերգը վարել է Վանաձորի «Մաշտոց» հանդեսի խմբագիր, դերասան Իվան Անտոնյանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքից ժամանած պարախմբերին և նրանց ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր Վանաձորի արվեստասեր հասարակությանը հնարավորություն են ընձեռել նորովի հաղորդակցվելու հայ պարարվեստի ոգեղեն զորությանը: Արսեն Դարբինյանը պարախմբերին է հանձնել Լոռու մարզպետարանի շնորհակալագրեր: