AM
5 Հուլիս 2012 - 08:44 AMT

Մամուլի շենքում գործող իրական ԶԼՄ-ները կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը մեկնաբանել է Մամուլի շենքին առնչվող որոշ ոչ հավաստի լուրերը: Վարչության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ Մամուլի շենքին առնչվող որոշ ոչ հավաստի լուրերի, հերքել դրանք ու նաև վերահաստատել ՊԳԿ Վարչության դիրքորոշումը:

Այս տարվա մայիսին լրացել է պետական սեփականություն հանդիսացող Մամուլի շենքում անհատույց և վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների պայմանագրերի մեծ մասի ժամկետը. Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները, միաժամանակ ուսումնասիրություն է կատարվել, թե ովքեր են պետական սեփականության հատկապես անհատույց օգտագործողները, ինչքանո՞վ են կապված ԶԼՄ դաշտին ու ինչքանո՞վ են ծառայում հանրությանը տեղեկատվությամբ ապահովելու կարևոր գործին: Ինչպես և սպասվում էր, պարզվել է, որ միանշանակ՝ ոչ բոլորը, ասվում է Վարչության հայտարարության մեջ:

Ավելին, շենքում եղել են դեպքեր, երբ անհատույց օգտագործողները, իրենց կողմից տնօրինվող տարածքները եկամտի աղբյուր են դարձրել և շուկայական գներով վարձակալության տալով՝ գումարներ վաստակել: Իդեպ, նույն խնդիրները կան նաև Իսահակյան 28 հասցեով շենքում: Վարչությունը հստակ պայմաններ է առաջարկում թե անհատույց և թե վարձակալությամբ տարածքներ տրամադրելու համար՝ բացառելով ենթավարձակալության տարբերակները:

Նման իրավիճակում ակնհայտ է, թե ովքեր և ինչու են շրջանառության մեջ դնում լուրը, թե իբր Մամուլի տանը « նեղում են լրատվամիջոցներին»: Իդեպ, նույն աղբյուրներից են ծնվում նաև Մամուլի շենքը մասնավորեցնելու մասին ստահոդ լուրերը, որոնք նույնպես պարբերաբար հերքվում են Վարչության կողմից:

ՊԳԿ վարչությունը մտադիր է Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներով անհատույց օգտագործման համար պայմանագրերը վերակնքել միմիայն մամուլի իրական և գործող բարեխիղճ ներկայացուցիչների հետ՝ իրենց գործունեությունը շարունակելու նպատակով, հիմք ընդունելով նախկինում վերջիններիս հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարված լինելու փաստը: Մյուսներին առաջարկվելու են վարձակալության տարբերակներ:

Իբրև ամփոփում կրկին ցանկանում ենք հավաստիացնել, որ շենքում տեղակայված գործող լրատվամիջոցներն անհանգստանալու որևէ հիմք չունեն. Մամուլի շենքում գործող իրական ԶԼՄ-ները կշարունակեն մնալ անհատույց օգտագործողներ:

Իդեպ, շրջանառվող լուրերի ծագման աղբյուրը որևէ դեպքում չեն եղել մամուլի ներկայացուցիչները: Հետևաբար և կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցել մեզ անաչառությամբ, որպեսզի Մամուլի շենքը շարունակի ծառայել մամուլին, հայտնում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը: