AM
5 Հուլիս 2012 - 10:17 AMT

Գերմանահայ ուսանողները բաց նամակ են ուղարկել Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ

Գերմանահայ ուսանողությունը բաց նամակը է հղել Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ: Այն ստորագրված է շուրջ հարյուր երիտասարդների կողմից: Բաց նամակի մեջ մասնավորապես գրված է.

«Մեզ՝ գերմանահայ ուսանողներիս, խորապես ցնցեց Վահե Ավետյանի սպանությունը: Այս անգամ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի հերթական զոհը պետական համակարգի ներկայացուցիչ է՝ ռազմական բժիշկ, մայոր: Այս հանգամանքն ունի խորհրդանշական իմաստ և ցույց է տալիս, որ Հայաստանի ներկա ապօրինի վարչակարգի գոյությունն արդեն սպառնում է հայկական պետականության բուն հիմքերին: Մարդ, որը ի պաշտոնե կոչված էր պահպանելու մեր երկրի անվտանգությունը պաշտպանող զինվորների կյանքը, ընդամենը մի անմեղ առիթով՝ սպորտային հագուստով ռեստորան մուտք գործելու համար ենթարկվեց դաժան հաշվեհարդարի, որի հետևանքով մի քանի օր անց մահացավ:

Եվ ովքե՞ր են այն մարդիկ, որոնց համար ՀՀ քաղաքացու և բժիշկի կյանքը այդքան անարժեք է: Վահե Ավետյանին և նրա երկու գործընկերներին խոշտանգողները ոչ այլ ոք են, քան ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները և վերջինիս պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ մեր երկրում որոշ մարդիկ իրենց ՀՀ Սահմանադրությունից և օրենքից վեր են դասում: Այդ մասին տարբեր առիթներով բացեիբաց հայտարարել է հենց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը՝ հոխորտալով, թե «իրեն պատժողը դեռ չի ծնվել» և թե ի՛նքն է որոշում ո՛ւմ «պատժել», ո՛ւմ՝ ոչ: Հրապարակավ բռնություն և անպատժելիություն քարոզելով՝ սոյն անձնավորությունն ուղղակի կամ անուղղակի կերպով դրդել է իր թիկնազորի մարդանման գազաններին ծեծել, խոշտանգել և սպանել Վահե Ավետյանին:

Մենք խորապես ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և հայտնում մեր զորակցությունը: Վահեի սպանությունը մարտահրավեր է ողջ հայ ժողովրդին և նրա արժանապատվությանը: Չի կարելի հանդուրժել, որ այս անգամ ևս անպատիժ մնան իրական մարդասպանները: Ողջունելով այս օրերին կազմակերպված բազմաթիվ բողոք-միջոցառումների մասնակիցներին՝ մենք այս նամակով միանում ենք բոլոր պայքարող քաղաքացիներին և նրանց արդարացի պահանջներին: Ի վերջո, պետք է պատասխանատվության կանչվեն բռնություն, անհանդուրժողականություն և սպանություն քարոզող ռուբեն-հայրապետյանները: Մենք քաջ գիտակցում ենք, որ եթե մեր հասարակությունն ակտիվորեն չպայքարի և հետամուտ չլինի, որ պատժվեն անխտիր բոլոր մեղավորները՝ սկսած անմիջական կատարողներից և վերջացրած հովանավորողներով, ապա այս դեպքը ևս կկոծկվի, և կշարունակվի այս ամենաթող վիճակը, որի զոհը կարող է դառնալ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և հասարակական դիրքից:

Եթե ժամանակին մեր հասարակությունը, որի մասնիկն ենք նաև մենք, հետևողական պայքարով թույլ չտար, որ ծածկադմփոց արվեն Պողոս Պողոսյանի, Լևոն Ղուլյանի, Վահան Խալաֆյանի, Անդրանիկ Բաբայանի, ինչպես նաև Մարտի մեկի սպանությունները, ապա մենք այժմ կունենայինք բոլորովին այլ երկիր, և Վահեն չէր սպանվի: Ուստի պետք է գիտակցել, որ պայքարը ոչ միայն Վահեի սպանության իրական մեղավորներին և նրանց պարագլուխներին պատժելու համար է, այլ նաև՝ ապագա արդար և ապահով Հայաստանի, որտեղ կկանխվեն և կբացառվեն նման դեպքերը»։