Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 116 թեժ գծին ահազանգ է ստացվել, որ բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:
ՄԻՊ–ի գրասնեյակի լրատվական բաժնի հաղորդմամբ, արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում իրականցվելու է դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն: «Խորապես հարգելով ամեն քաղաքացու և տարբեր քաղաքացիական խմբերի իրավունքը բոլոր խաղաղ միջոցներով արտահայտելու իրենց դիրքորոշումներն ու պայքարելու իրենց համոզումների համար՝ կոչ եմ անում ոստիկանությանը ամեն կերպ աջակցել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացմանը, նույնիսկ երբ խաղաղ հավաքները որոշակի անհարմարություն են ստեղծում հանրային և մասնավոր շահերի տեսանկյունից: Հավաքի «խաղաղ բնույթի» վերաբերյալ եզրույթը տարածվում է նաև այն վարքագծի նկատմամբ, որը ժամանակավոր խոչընդոտում կամ արգելափակում է երրորդ անձանց գործունեությունը: Այդ իմաստով, նույնիսկ երթևեկության ժամանակավոր խոչընդոտումն ինքնին չի կարող հավաքի անցկացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հիմք հանդիսանալ։ Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն խաղաղ հավաքին մասնակցող առանձին անհատների անվտանգությունը, այլև պաշտպանի մասնավոր սեփականությունը ցանկացած ոչ իրավաչափ ոտնձգությունից: Այս իմաստով, բողոքի ակցիայի մասնակիցների մուտքը մասնավոր սեփականություն հանդիսացող Հարսնաքար ռեստորանի տարածք արգելելու իրավաչափ պատճառը պետք է հստակ բացատրվեր խաղաղ երթի բոլոր մասնակիցներին՝ նրանց առաջարկելով մոտակայքում հանրային սեփականություն հանդիսացող այլ համարժեք տարածք իրենց ակցիան անցկացնելու համար: Կրկին անգամ խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ, և ոստիկանությանը խնդրում ենք ապահովել Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքների օբյեկտիվ և հրապարակային քննություն»,–նշված է ՄԻՊ–ի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։





