AM
9 Հուլիս 2012 - 09:28 AMT

ԵՀՄՖ մտահոգված է Վահե Ավետյանի մահվան միջադեպով

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը մտահոգված է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքով, ինչի կապակցությամբ տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է.

«Այս դեպքը, կարծես թե վերջին կաթիլն է անպատժելիության բարդույթով տառապող քրեաօլիգարխիկ համակարգի դեմ համաժողովրդական ցասման բորբոքման և իրավական պատիժ հանցագործների նկատամամբ պահանջելու գործում: Բոլորն էլ հասկանում են, որ այս դեպքին նախորդել են բազմաթիվ սպանություններ և ծեծ ու ջարդեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստացել, միայն, այն պատճառով, որ իշխանություններին հաջողվել է տարբեր մեթոդներով և ոչիրավական ճանապարհներով կոծկել, թաքցնել դրանք` խաբելով սեփական ժողովրդին: Այսօր այլևս անհնարին է այդպես շարունակել և աշխարհասփյուռ Հայ Ժողովրդին ցասում է պատել, քանի որ վերջապես բոլորը հասկացել են, որ այսպես շարունակել չի կարելի: Այդ ցասումը սաստկանում է, երբ կառավարության պատասխանատուներից ոմանք փորձում են վարկաբեկել ժողավրդի ցավով տառապող հայրենասերներին, նրանց վրդովմունքը պիտակավորելով և մեղադրելով իրավիճակը քաղաքականացնելու մեջ: Այդ պարոնները հար և նման են իրենց թուրք գործընկերներին, որոնք Հրանդ Դինքի սպանությունից հետո` սկզբում ճիշտ նույն ճանապարհն էին որդեգրել: Այ, այս նախարարների ու գործիչների պատասխանն է տալիս այսօր ժողավուրդը` սպառելով հանբերության պաշարն ու անցնելով ցասման ռուբիկոնը:

Արտերկրի հայությունն ունի մի երազանք` տեսնել Հայաստանն ազատված այս քրեաօլիգարխիկ համակարգից, տեսնել Հայաստանում գործող օրենքներ և տեսնել մեր Երկրում ձևավորված այնպիսի համակարգ, որ հավասար հնարավորություններ է տալիս ողջ տաս միլիոնանոց հայությանը` մասնակցելու տնտեսության զագացման գործին: Արտերկրի Հայ ժողավուրդը երազում է կատարել ներդրումներ իր ունեցած հսկայական ներուժի սահմաններում, զարգացնել Հայրենիքում այն արդյունավետ աշխատանքները, որոնցով նա շենացրել է օտար երկրի տնտեսությունը, օգնել երկրի արդյունաբերության վերականգմանը, տնտեսության զարգացմանը և ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Ավաղ, քրեաօլիգարխիկ այս համակարգում, նույնիսկ տարիներ առաջ Հայաստան վերադարձած գործարաները սրտի կսկիծով թողնում են իրենց ինչ-որ մակարդակի հասցրած աշխատանքներն ու աղմուկով կամ անաղմուկ հեռանում Հայաստանից: Մենք գիտենք հայրենասեր սփյուռքահայեր, որոնք ատամները սեղմած թողել են իրենց ունեցած վերջին գումարները Հայաստանում և անձայն հեռացել, իրենց մեջ ողբալով կորցրածը, որպեսզի չսառեցնեն հայրենասիրությամբ տոգորված և Հայրենիքում ներդրումներ կատարելու այլ գործարարների ցանկությունը: Բայց ավաղ, այսօր բոլոր փակագծերն արդեն բացվել են և համատարած հիասթափությունն այլևս ծածկելն անհնարին է:

Այսօր, կամ ՀՀ Նախագահը իր սեփական ձեռքերով կկոտրի քրեաօլիգարխիկ այս համակարգը, որի վրա հիմնված է մեր Երկրի գահավիժող տնտեսությունը և կստեղծի համազգային ոգևորություն ողջ Հայ Ժղովրդի մոտ և համապատասխանորեն կծավալվեն ներդրումային հսկայական ծրագրեր, որոնք կկասեցնեն տնտեսության ոչնչացումը ու սկիզբ կդրվի առաջընթացին, և կամ այդ նույն բանը կանեն ժողովրդական ցասման վրա վեր խոյացող ուժերը և սա կուղեկցվի անհարկի ցնցումներով և լի վտանգներով»,–նշված է ԵՀՄՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ։