AM
9 Հուլիս 2012 - 14:36 AMT

Իրանի մի քանի նահանգներ կհամագործակցեն Հայաստանի մարզերի հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին` վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր:

Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ և դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատեց, որ տարեց տարի աճում է նաև ապրանքաշրջանառության ծավալը, և այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա: «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր` սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ-ից մինչև Իրան- Հայաստան երկաթգծի կառուցում: Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաև տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաև տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեն»,-նշեց փոխվարչապետը:

Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը` Ա. Գևորգյանը դրական համարեց ձևավորված փոխգործակցությունը` միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձևաչափով կապերի խորացման մեծ ներուժ: «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել» ,-նշեց Ա. Գևորգյանը: ԻԻՀ ներքին գործերի նախարարը ևս ընդգծեց երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները` նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում են նաև Արևմտյան և Արևելյան Ատրպատականների նահանգապետերը, ովքեր այցի ընթացքում գործընկեր մարզպետների հետ կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բացի այդ, Հայաստանի մարզերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել Իրանի մի քանի այլ նահանգներ:

Երկուստեք կարևորվեց անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար: Դրան կնպաստի նաև մաքսային ոլորտում համագործակցությունը:

Անդրադարձ եղավ վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվությանը: Փոխվարչապետը նշեց, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համագործակցաբար հետևողական աշխատանքներ է իրականացնում զբոսաշրջիկների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման ուղղությամբ` ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ սահմանային անցակետերի արդիականացման առումով:

Կողմերը փոխգործակցության զարգացման համար հեռանկարային համարեցին նաև գյուղատնտեսության, անասնաբուծության, ՏՏ ոլորտում համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Արևմտյան և Արևելյան Ատրպատականների նահանգապետերը ներկայացրեցին համագործակցության ներկա մակարդակն ու հեռանկարները, առաջարկ եղավ նաև քննարկել Թավրիզ-Երևան օդային հաղորդակցության հաստատման հարցը:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: