AM
10 Հուլիս 2012 - 15:12 AMT

Վլադիմիր Գասպարյանն ու Իրանի ներքին գործերի նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է նախօրեին Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի ոստիկանական մարմինների համագործակցության մակարդակը` նշելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել և ընդգրկուն դարձնել գործընկերությունը:

Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը նշել է, որ Իրանն ու Հայաստանը եղել և մնում են բարեկամական, եղբայրական երկրներ, ինչն արտահայտվում է նաև իրավապահ ոլորտում հաստատված փոխգործակցության փորձով. դրական արդյունքներ են արձանագրվել, մասնավորապես, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, փորձի և տեղեկատվության փոխանակման ու մի շարք այլ ուղղություններով:

Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահների համակողմանի և արդյունավետ աշխատանքը, նշելով նաև, որ դեռևս մեծ անելիքներ կան թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխման, թմրամոլների բուժման, այս բնագավառում իրավապահների փորձի փոխանակման, տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու և մի շարք այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, իսկ ավարտին` ստորագրել են «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում ավանդական դարձած հայ-իրանական ոստիկանական համագործակցության համար: