AM
11 Հուլիս 2012 - 09:08 AMT

Լեզվի տեսչությունը կես տարվա ընթացքում տուգանել է 60 տնտեսվարողի

Անցած կես տարվա ընթացքում լեզվի պետական տեսչության կողմից տուգանք է ներկայացվել 60 տնտեսվարողների նկատմաբ, որի ընդհանուր չափը երեք միլիոն դրամ է կազմում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կրթության և Գիտության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Ըստ նրա` դրանց թվում են «Բեյսիկ հաուս», «Կաշառել», «Հերց» խանութները:

Երիցյանը նշեց, որ հաճախ հանդիպող սխալներն են, երբ կազմակերպության ճակատային մասում գովազդը միայն օտար լեզվով է, կա նաև հայերեն գովազդը, սակայն մանր տառերով և կամ հայերենով գովազդը ձախ մասում է, իսկ օտար լեզվովը` աջ մասում, այնինչ օրենքի պահանջն այն է, որ հայերեն գովազդը ձախ մասից լինի։

Սերգո Երիցյանի կարծիքով, ոլորտում առկա մի շարք խնդիրները չեն լուծվում օրենսդրության անկատարության պատճառով. «Մենք ունենք երեք օրենսդրական նախաձեռնություն լեզվի մասին, որոնք հուսով եմ կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը սեպտեմբերին»:

Երիցյանը նշեց, որ առաջին նախաձեռնությունը վերաբերում է լեզվի տեսչության մասին օրենք ունենալուն, քանի որ Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որն ունի լեզվի տեսչություն, սակայն չունի օրենք դրա մասին: Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է տերմինաբանական խորհրդի գործունեությանը, իսկ երրորդ նախաձեռնությունը առնչվում է տեսչության գործունեությանը։

«Լեզվի տեսչությունը իրավասություն չունի հենց ինքը որոշելու տուգանքի չափը և իրականացնելու տուգանքը, այդ պատճառով գործընթացն ավելի ժամանակատար է լինում, նոր նախաձեռնությամբ կլուծվի նաև այդ հարցը»,–ասաց Լեզվի պետական տեսչության պետը։