AM
13 Հուլիս 2012 - 06:11 AMT

«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը Հրազդանում աշխատացրել է մարդկանց և գումար չի վճարել

«Ժողովուրդ» թերթը նոր մանրամասնություններ է գրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դեռևս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործունեության վերաբերյալ։

«Երեկ «Ժողովուրդ» –ի խմբագրություն էին այցելել Հրազդան քաղաքի բնակիչներ Գագիկ Ստեփանյանն ու Կառլեն Շահինյանը, ովքեր պատմեցին, որ 2009 թ. Հայրապետյանն իրենց հորեղբորորդու միջոցով որոշել է ֆուտբոլի դաշտ կառուցել։ Իսկ երբ աշխատանքներն ավարտվել են, հրաժարվել է վճարել 50-60 աշխատողի հասանելիք գումարները։ Նրանք երկար ժամանակ փորձել են Հայրապետյանից ստանալ իրենց քրտինքով վաստակած գումարը` մոտ 18 միլիոն դրամ, բայց ապարդյուն։ Հայրապետյանը մինչ օրս հրաժարվում է վճարել բանվորների աշխատավարձը»,–գրում է թերթը` նշելով, որ ՀՖՖ մամուլի խոսնակ Արայիկ Մանուկյանն իրենց հաղորդել է, որ եթե մարդիկ չունեն պայմանագիր, ապա ինչի մասին է խոսքը։

«Ի՞նչ է նշանակում սարքեք, կվճարենք։ Իրենք ինչ–որ պայմանագիր ունե՞ն։ Էդպես ամեն մարդ կարող է գալ ու ամեն ինչ ասել»,–ասել է Մանուկյանը պարբերականի թղթակցին։