AM
24 Հուլիս 2012 - 05:48 AMT

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի համար Պուտինին կբարեխոսեն կազակական ատամաններները

«Հրապարակ» թերթը գրում է, որ Վարդան Ղուկասյանը փորձեր է ձեռնարկում, որպեսզի Գյումրու քաղաքապետի թեկնածուի հարցում երկրի նախագահը փոխի իր դիրքորոշումը: Ըստ թերթի, Գյումրիի քաղաքապետը փորձում է դրան հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով, ով, նախագահ լինելով, Աստծո ընտրյալ է, այն էլ` ավելի մեծ տարածքի վրա: Հնարավոր է, որ նա դիմեր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օգնությանը, բայց, համապատասխան կանալներ չունենալու պատճառով, նման փորձ չի ձեռնարկել: Իսկ ահա Պուտինի մոտ Վարդան Ղուկասյանի համար բարեխոսելու հանձնառությունն իրենց վրա են վերցրել կազակական մի քանի ատամաններ, որոնց հետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի: Ավելին` քանի որ Ղուկասյանին շնորհել են կազակական զորքերի գեներալի կոչում, հիմա նա հույս ունի, որ Ռուսաց ցարը պետք է տեր կանգնի իր գեներալին: «Հրապարակը» նշում է, որ այս պնդումները միայն առաջին հայացքից են անհեթեթ թվում, մինչդեռ որոշ մարդիկ վստահեցնում են, որ Հայաստանում նույնիսկ այսպիսի հարցերը կարող են լուծվել ռուսական արքունիքի միջամտությամբ: Այլ խնդիր է, որ Սամվել Բալասանյանի համար էլ այլ մարդիկ կարող են միջնորդած լինել ռուսական արքունիք:

Թերթը կարծում է, որ Վարդան Ղուկասյանը չի հրաժարվել առաջադրվելու մտադրությունից, ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ նա, նախագահ Աերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո վերադառնալով Գյումրի, հրաժարվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, թեև շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Թերթին հայտնի է, որ որևէ մեկը Վարդան Ղուկասյանին չի պարտադրել հրաժարվել մարզի ՀՀԿ ղեկավար պաշտոնից, նա դա արել է ինքնակամ: Ղուկասյանի այս քայլը մի բացատրություն ունի, նա հասկանում է, որ ՀՀԿ-ն կարող է որոշում կայացնել իր թեկնածությունը չպաշտպանելու մասին: Լինելով կուսակցության մարզային կառույցի ղեկավար` նա պարտադրված է կատարել այդ որոշումը:

Հրաժարվելով կուսակցական պաշտոնից` Ղուկասյանն ուզում է ցույց տալ, որ ցանկացած պահի կարող է դուրս գա նաև ՀՀԿ-ից և ինքնառաջադրվել: