AM
24 Հուլիս 2012 - 11:09 AMT

Արմեն Աշոտյան. Հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԿԳՆ լրատվական ծառայությունից, կրթության ոլորտում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական և ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում` հաշվի առնելով մի շարք ահազանգեր:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում` գիտխորհուրդների, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցեր: