AM
25 Հուլիս 2012 - 07:27 AMT

«Սևան» քրեակատարողական հիմնարկում համակարգչային լսարան կբացվի

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում համակարգչային լսարանների ստեղծման գործընթացը։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, տեխնիկապես հագեցած առաջին համակարգչային լսարանը հուլիսի 26-ին կբացվի ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տարբեր հաստատություններ համակարգիչներով զինելու ծրագիրը շարունակական է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համակարգչային լսարաններ կհիմնի նաև զորամասերում։ Տեխնիկապես հագեցած առաջին համակարգչային լսարանն առաջիկա օրերին կբացվի Արմավիրի ուսումնական զորամասում։ Այն կօգնի զինվորներին և սպաներին առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը։ Զորամասերը համակարգիչներով զինելու ծրագիրը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։