ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն հուլիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզ:
Ինչպես PanARMENIAN.Net–ին հաղորդ են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, այցի նպատակն էր «Դիլիջան» ԱՊ-ում քննարկել պարկի հիմնախնդիրները, էկոտուրիզմի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ազգային պարկի կիսամյակային հաշվետվությունը:
Նախարարը հանձնարարեց առավել ուշադրություն դարձնել պահպանության խնդիրներին` կանխարգելելով ապօրինի ծառահատումները, ինչպես նաև չվնասելով շրջակա միջավայրը զարգացնել էկոտուրիզմը:
Արամ Հարությունյանը ՀՀ Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ Տավուշի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման ճանապարհները:
Արամ Հարությունյանը միջազգային, բնապահպանական ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մեկնեց ք. Նոյեմբերյան «Զիկատար» բնապահպանական կենտրոն, մասնակցելու Տեղեկատվական կենտրոնի բացմանը, ինչպես նաև «Հավաստագրեր» բաժանեց այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել էին մայիս ամսին կազմակերպված «բնության հատուկ պահպանվող տարածքների մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման սեմինարին»:





