AM
1 Օգոստոս 2012 - 10:32 AMT

Լևոն Գալստյան. Արջերի քարանձավը կարող է զբոսաշրջության հետաքրքրության կենտրոնում հայտնվել

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն այսօր պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանի համատեղ Մոզրովի և Արջերի քարանձավների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող ծրագրերին նվիրված մամլո ասուլիսում խոսել է քարանձավների միլիոնավոր տարիների ընթացքում առաջացած ստալակտիդների ոչնչացման մասին: «Բացի պետական թերի հոգածությունից, քարանձավները վնասվում են նաև հասարակության սխալ վերաբերմունքի, անտեղյակության պատճառով: Մարդիկ պարբերաբար մուտք են գործում քարանձավներ, ստալակտիդներ պոկում` խաթարելով բնական միջավայրը»,- պատմեց նա:

Գալստյանի խոսքով` հանրության իրազեկումը շատ կարևոր է քարանձավների պահպանության համար: Նա հավելեց, որ Արջերի քարանձավը ճիշտ պահպանման և կիրառման դեպքում կարող է զբոսաշրջության հետաքրքրության կենտրոնում հայտնվել: «Այդ նպատակով նախատեսվում է գիդեր պատրաստել, որի հաջորդ քայլն էլ, բնականաբար, քարանձավը այցելուների համար բացելը կլինի»,- ընդգծեց Գալստյանը` հավելելով, որ մինչ այդ հարկավոր է նաև լուծել քարանձավում շրջելու երթուղին, որը, համաձայն ընդունված պրակտիկայի, քարանձավի ոչ մեծ հատվածն է ընդգրկելու, լուսավորության և այլ տեխնիկական խնդիրներ: «Բնական է, որ կկիրառվի նաև միջազգային փորձը»,- նշեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամը: