Այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:30-ին, Ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի՝ կապված Վահե Ավետյանի մահվան գործի հետ։
Համաձայն «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության տարածած հայտարարության՝ հանրային մեծ հնչեղություն ստացած «Հարսնաքարի» գործով, նախաձեռնության անդամները պահանջելու են Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին անհապաղ տրամադրել մահվան գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը՝ արդյունավետ քննություն ապահովելու նպատակով
Ի դեպ, բողոքի ակցիայի օրը պատահաբար չէ ընտրված՝ վաղը Վահե Ավետյանի ծննդյան օրն է: Հունիսի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀԿ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Հուլիսի 29-ին մայորը մահացել էր:





