AM
4 Օգոստոս 2012 - 09:46 AMT

Սամվել Կարապետյան. Մեր պատմամշակութային վայրերն աղտոտված են այնքան, որքան այցելու ունեն

Մեր տեսարժան ու պատմամշակութային վայրերն աղտոտված են այնքան, որքան այցելու ունեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ կապ չկա ստեղծողի և ժառանգորդի միջև: Մենք` ժառանգության կրողներս, չենք գիտակցում ստացած պատմամշակութային ժառանգության արժեքը, ուստիև չենք պահպանում: Ընդ որում, պետք է նշեմ, որ հիմնական աղտոտողը մենք ենք, այլ ոչ թե օտարերկրյա այցելուները»,- ընդգծեց նա:

«Միացյալ Հայաստան» խմբի հիմնադիր Արշակ Զաքարյանն իր հերթին նշեց, որ օտարերկրացի զբոսաշրջիկները ոչ միայն չեն աղտոտում, այլև մաքրում են: «Նրանք ապշում են, թե ինչպես կարելի է հայրենի երկրին վերաբերվել այնպես, ինչպես մենք ենք վերաբերվում: Մատների վրա կարելի է հաշվել այն վայրերը, որոնց մաքրությունը պատշաճ կերպով պահպանվում է: Վերջերս շրջելով Հայաստանի զանազան տեսարժան վայրերով, ականատես եմ եղել աղբի ահռելի կուտակումներին Արփա գետի ափերին, Սատանի կամուրջի մուտքի մոտ, Գառնու ձորում»,- ասաց նա` հավելելով, որ ժողովրդի մեջ չկա մաքրասիրության մշակույթ: