AM
4 Օգոստոս 2012 - 10:11 AMT

Ռոբերտ Մինասյան. Մեր երկիրը տուրիզմը հռչակել է գերակա ուղղություն, և դա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ

Հայաստանը տուրիզմի համար է ստեղծված, մեր երկիրը տուրիզմը հռչակել է գերակա ուղղություն, և դա պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: «Պետք է մարդկանց մեջ սերմանել երկիրը սեփական տան պես մաքուր պահելու գաղափարը, և պետք է սկսել մանուկներից, դպրոցականներից, երիտասարդությունից»,- նշեց նա:

«Միացյալ Հայաստան» խմբի հիմնադիր Արշակ Զաքարյանն իր հերթին ասաց, որ այդ նպատակն իրականություն դարձնելու համար հարկավոր է մեծ գումարի տուգանքներ նշանակել: «Մինչև մարդու գրպանին չխփենք, նա չի հասկանա, որ չի կարելի աղտոտել: Իսկ եթե մեկ-երկու անգամ տուգանվի, հաջորդ անգամ այլևս չի աղտոտի»,- հավելեց նա:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր հերթին շեշտեց, որ Հայաստանում մարդիկ աղտոտում են պատմամշակութային հուշարձանները նաև այն պատճառով, որ դրանք վատ վիճակում են: «Մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի: Եթե մարդ տեսնում է, որ հուշարձանը վատթար վիճակում է, նա չի գիտակցում, որ աղտոտելու փոխարեն կարող է նպաստել հուշարձանի բարեկարգմանը կամ առնվազն պահպանել այն և չվնասել»,- ասաց հուշարձանագետը: