AM
7 Օգոստոս 2012 - 11:08 AMT

Հոկտեմբերի 5-6-ը` Ջերմուկում կանցկացվի գյուղական համայնքների երկրորդ համաժողովը

Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը այսօր տեղեկատվություն է ներկայացրել Ջերմուկ քաղաքում գյուղական համայնքների երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Գյուղական համայնքների համաժողովը Հայաստանում անց է կացվելու երկրորդ անգամ եւ նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը` երկխոսության, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով։ Նախատեսվում է, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 5-6-ը` Ջերմուկ քաղաքում: Համաժողովի ավարտին կանցկացվի Արենու ավանդական տոնավաճառը եւ գինու փառատոնը: Որոշվել է երկրորդ համաժողովում ձեւավորել 6 թեմատիկ աշխատանքային խմբեր, որտեղ կքննարկվեն հետևյալ թեմաները `«Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում», «Տեղական եկամուտների վարչարարության խնդիրները` օրենսդրություն, հարկային փաթեթներ, նոր տեղական վճարներ եւ այլն», «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված՝ տեղական ինքնակառավարման մարմիններ – գործարար հարաբերությունների պարզեցում, հստակեցում եւ գործող ընթացակարգերի բարելավում», «Տարածքային համաչափ զարգացում, առաջանցիկ մեխանիզմների մշակում, հրատապ ծրագրերի ամփոփում», «Կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Հայաստանում» – ավարտված, ընթացիկ եւ պլանավորվող ծրագրեր` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, «Թափոնների կառավարում–ԵՀԳԳ Արեւելք» տարածաշրջանային ծրագրի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում» , «Տեղական ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն»: