AM
8 Օգոստոս 2012 - 13:11 AMT

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը Հարավային Օսեթիայում հակամարտությունից առաջ ուներ հատուկ պլան, որի շրջանակներում էլ նա գործել է

Ռուսաստանը Հարավային Օսեթիայում հակամարտությունից առաջ նախապատրաստել է հատուկ պլան, որի համաձայն էլ գործել է 2008-ի օգոստոսին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Պլանը կար և իմ կարծիքով դա գաղտնիք չէ: Ռուսական կողմը գործել է հենց այդ պլանի շրջանակներում»,- հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով, պլանը նախապատրաստվել է Գլխավոր շտաբի կողմից 2006-ի վերջին և 2007-ի սկզբին: «Այն հաստատվել է իմ կողմից»,- հավելել է Պուտինը, ով այդ ժամանակ նույնպես զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը:

Ինչպես նշել է Պուտինը, այդ պլանի շրջանակներում անցկացվել է հարավօսեթական աշխարհազորայինների նախապատրաստում: «Ճիշտ է, մեր ռազմական մասնագետները ենթադրում էին, որ դա անօգուտ գործ է, նկատի ունենալով, որ ցանկացած պետության կանոնավոր բանակին դիմակայելը, նույնիսկ Վրաստանի նման փոքր պետության, անհնար է: Բայց այնուամենայնիվ, պարզվեց, որ այդ մարդիկ ավելի քան պահանջված էին, նրանք քաջաբար պաշտպանել են իրենց հայրենիքը և երեք օր շարունակ, մինչև մոտեցել է ռուսական բանակը, նրանք և մեր խաղաղապահները պահել են վրացական զորքերի գրոհները»,- հավելել է նա: