AM
9 Օգոստոս 2012 - 14:05 AMT

Քաղաքապետն այսօր Ավանում էր. բնակիչները քաղաքապետին ներկայացրել են համայնքի խնդիրները

Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ:

Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին բակերի բարեկարգման համար` ընդգծելով, որ բակերի, պուրակների ու այգիների բարեկարգումն իրապես շատ կարևոր է: Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին կոչ է արել մասնակից դառնալ մայրաքաղաքի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին և խնամքով վերաբերել, պահպանել այն ամենը, ինչն արվում է սիրով ու ստեղծվում է բնակիչների հարմարավետությունն ապահովելու համար:

Քաղաքապետը շրջել է բակերում և գնահատել կատարված աշխատանքները: Բրյուսով թաղամասի նորաբաց բակի տեղում նախկինում ամբողջությամբ ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներ են եղել: Նախկին անխնամ տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է այստեղ, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով, ինչն իր հերթին արդեն իսկ վկայում էր, որ կառուցված նոր խաղահրապարկն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:

Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները: Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:

Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել նաև մի շարք բակային տարածքներում դեռևս ընթացող պուրակների բարեկարգման աշխատանքները: