AM
15 Օգոստոս 2012 - 12:28 AMT

Արաբկիր վարչական շրջանում բացվել է Վահագն Դավթյանի հուշատախտակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հասցեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` Վահագն Դավթյանի հուշատախտակը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Ներկաները այցելել են նաև Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի և ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին:

Բանաստեղծը 1932 թվականից ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է հուշատախտակը: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է: