ՀՀ օրենսդրության մեջ աղանդի հստակ սահմանում չկա: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանը: Նրա խոսքով` այդ է հիմնական պատճառը, որ չկան նաև աղանդների դեմ պայքարելու հստակ միջոցառումներ և գործողություններ: «Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով կա 350 հազ. աղանդավոր, ինչը բնակչության 10%-ից ավելին է, մինչդեռ համաձայն միջազգային չափանիշների չպետք է գերազանցի 3%-ը: Բայց նրանք ձևակերպված են որպես կրոնական փոքրամասնություններ, որոնք իրավունք ունեն գոյություն ունենալու»,- նշեց նա:
Խոսելով անցյալ տարի այս օրը` օգոստոսի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջադրված և մինչ օրս շրջանառվող «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին` Զարուհի Դիլանյանն ընդգծեց, որ նախագծում մի շարք թերացումներ կան, որոնց թվում նաև աղանդի սահմանման բացակայությունն է: «Այդ նախագծով վտանգվում է անչափահաս երեխաների հոգեբանական կայունությունը, քանի որ նրանք կարող են հաճախել կրոնական փոքրամասնությունների հավաքներին: Բացի այդ, կրոնական կազմակերպություն ստեղծելու համար պահանջվող անդամների քանակը նվազեցվել է մինչև 25 հոգի, ինչի արդյունքում կրոնական կազմակերպությունների քանակը շարունակում է աճել»,- ասաց նա` ընդգծելով, որ այդ նախագիծը մի շարք շտկումների կարիք ունի նախքան ընդունվելը որպես օրենք:





