Հայաստանի տարածքում Ռուսաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ կստեղծվի տարածաշրջանային մարդասիրական կենտրոն, որի հիմնադրման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բելառուսում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների նախարարների խորհրդի նիստում: Այդ մասին Հայաստանի կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի իր ազգային պլատֆորմը, սակայն, չնայած նրան, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում նշվել է, որ ՀՀ ԱԻՆ-ը, մասնավորապես, ճգնաժամային կառավարման կենտրոնը լավ վիճակում են գտնվում, այնուամենայնիվ, մենք անելիքներ ունենք սեյսմիկ ծառայության գործունեության ուղղությամբ»,- նշել է նա:
Նրա խոսքով, նախատեսվում է, որ այս տարի ՀՀ և ՌԴ ԱԻՆ-երը կստորագրեն համապատասխան պայմանագիր, իսկ արդեն հաջորդ տարի կենտրոնը ձեռնամուխ կլինի աշխատանքին:
Դրա հետ կապված նախարարը նաև հավելել է, որ կենտրոնի աշխատանքի համար Հայաստանը կտրամադրի իր օդանավակայանը և անհրաժեշտ տարածքներ, իսկ մյուս կողմից կլինի տեխնիկական օգնություն:





