AM
22 Օգոստոս 2012 - 09:33 AMT

«Հրապարակ». Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը շրջանառվում է որպես նախագահի նոր թեկնածու

Թերթը գրում է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություներում:

«Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է և չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին մեզանում նախագահական ընտրություններն են, և նույնիսկ Երևանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի: Իսկ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա: Կարապետյանն այսօր էլ զբաղեցնում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը:

Նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել երկու քաղաքական խմբավորումների` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև:

Նրա թեկնածությունը գրավիչ է նաև ՀԱԿ-ի համար, որը վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին: Նախ, եթե նախագահական ընտրություններում առաջադրվեր որևէ ԲՀԿ-ական թեկնածու, ապա ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլիներ իր կողմնակիցներին համոզել պաշտպանել այլ կուսակցության անդամի, որքան էլ որ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, որ ԲՀԿ-ն իրեն անշահախնդրորեն նվիրել է ռեժիմի դեմ պայքարին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա կուսակցական չէ և այդ իմաստով կարող է լինել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի թեկնածուն: Այս պարագայում ՀԱԿ-ում ևս չեն դժվարանա Կարեն Կարապետյանի թեկնածության պաշտպանությունը հիմնավորելու հարցում: Հնարավոր է, որ ի հայտ գան իշխանությունների կողմից ներդրված մի քանի ՀԱԿ անդամներ, ովքեր կպնդեն, որ Կարեն Կարապետյանը նույնպիսի օլիգարխ է, ինչպես մյուս բոլոր օլիգարխները, բայց պատմական փորձը ցույց է տվել, որ նման լրտեսներն ու դավաճանները բացահայտվելուց հետո օպերատիվորեն չեզոքացվում են:

Ինչպես տեսնում եք` Կարեն Կարապետյանը կարող է դառնալ Ռուսաստանի և նրա հայաստանյան երկու հովանավորյալ ուժերի` ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միասնական թեկնածուն: Միակ հարցն այստեղ այն է, թե ինչ նպատակով է Ռուսաստանը քաղաքական խաղի մեջ ներքաշելու Կարեն Կարապետյանին` որպեսզի օգնի նրան հաղթելու ընտրություններում և դառնալու ՀՀ նախագա՞հ, թե՞ որպեսզի նա խանգարի Սերժ Սարգսյանին` թույլ չտալու, որ նախագահ Սարգսյանը հեշտությամբ հաջողության հասնի, և այդպիսով նրան կախվածության մեջ պահի Ռուսաստանից:

«Դատելով Ռուսաստանի վերջին 20 տարիների գործելաոճի տրամաբանությունից, թերևս առավել հավանական է երկրորդ տարբերակը»,- գրում է «Հրապարակը»: