AM
31 Օգոստոս 2012 - 10:53 AMT

2013թ. օգոստոսի 29-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտաժողով

2013թ. օգոստոսի 29-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի (ՀամՀԱ) «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. Կիզակենտրոնում Եվրասիան է» թեմատիկ գիտաժողովը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը, գիտաժողովի նպատակն է քննարկել և ամփոփել եվրասիական տարածքում հոգեկան առողջության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներն ու խնդիրները, ուրվագծել առաջիկա զարգացումները:

Բացի գիտական ծրագրիվ, գիտաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև ՀամՀԱ Գործադիր կոմիտեի նիստ, Արևելյան Եվրոպայի հոգեբուժական ասոցիացիաների նախագահների խորհրդակցություն, Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի անտիստիգմա ծրագրի ներկայացում Հայաստանում և համաշխարհային ու տարածաշրջանային նշանակության այլ քննարկումներ:

Գիտաժողովին մասնակցելու են համաշխարհային հոգեբուժության գրեթե ողջ վերնախավը և ավելի քան 500 մասնագետներ տարբեր երկրներից: Գիտաժողովի նախագահն է ՀամՀԱ նախագահ Պեդրո Ռուիզը (ԱՄՆ), տնօրենը` ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը: Կազմկոմիտեի համանախագահներն են ՀամՀԱ հանդիպումների քարտուղար Թարեք Օկաշան (Եգիպտոս), ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և ՀԲԱ նախագահ և ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Պարունակ Զելվեյանը: Գիտական կոմիտեի համանախագահներն են ՀամՀԱ ընտրված նախագահ Դինեշ Բուգրան (ՄԲ), Սան Դիեգոյի տրամադրության խանգարումների կենտրոնի տնօրեն Հակոբ Ակիսկալը (ԱՄՆ) և ՀՀԱ պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանը: