AM
5 Սեպտեմբեր 2012 - 06:00 AMT

«Ժողովուրդ».Աբեղան հայհոյել է Կողբավանի գյուղապետին

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ և աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգևորական:

Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն՝ ճաշելու:

Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան «բռնկվել է», սկսել վիրավորել գյուղապետին, քաշքշել ու հայհոյել նրա ընտանիքի անդամներին:

Թե ինչից է սկսվել վեճը, թերթը փորձել է պարզել Կողբավանի համայնքապետ Հովհաննես Քոչարյանից, որն ասել է. «Որ իմանայի, կասեի: Ուղղակի թեթև խոսակցություն է եղել, երևի ճիշտ չհասկացանք իրար»:

Թերթը նշում է, որ այս միջադեպին արձագանքել է նաև Հայ առաքելական եկեղեցին և պատժել աբեղային:

«Տվյալ հոգևորականը տեղի ունեցածի պատճառով արդեն կարգալույծ է արվել»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրել է Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: