AM
6 Սեպտեմբեր 2012 - 11:57 AMT

Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի դեսպանին

Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ս. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լրատվական ծառայությունից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ հայ-գերմանական հարաբերություններին, դրանց ամրապնդմանն ուղղված դեսպանատան ջանքերին, ինչպես նաև Մայր Աթոռի և դեսպանատան միջև սերտ կապերին:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու համագործակցությունը Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու, ավետարանական հարանվանությունների և քրիստոնեական կազմակերպությունների հետ սոցիալական և կրթական տարբեր ծրագրերում` տեղեկացնելով, որ այդ շրջանակներում վերջին տարիներին Մայր Աթոռի վեց միաբաններ իրենց կրթությունը շարունակել են Գերմանիայի բարձրագույն կրթական հաստատություններում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանման, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման գործում հոգևոր առաջնորդների կարևոր դերակատարությանը: