AM
11 Սեպտեմբեր 2012 - 10:21 AMT

Երևանի Սլավոնական համալսարանը պահանջում է Բուդապեշտից ապաշխարել

Ցմահ բանտարկված մարդասպանին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան անմիջապես ազատ

արձակելու կապակցությամբ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները և պրոֆեսորա-դասախոսական կազմը հանդես են եկել խնդրագրով:

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Մենք դիմում ենք`

Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Վան Ռոմպեին,

Եվրոպական խորհրդի միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար տիկին Էշտոնին,

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար պարոն Ֆյուլեին

Եվրոպական պառլամենտի նախագահ պարոն Շուլցին,

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդին,

Եվրոպական խորհրդի Հայաստանի պատվիրակության ղեկավար պարոն Խրիստեային

ՄԵՆՔ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ ԵՆՔ և գիտակցում ենք մեզ որպես եվրոպական մեծ մշակույթի մաս, մշակույթ, որի բաղկացուցիչներն են` – մարդու արժանապատվությունը, նրա իրավունքերն ու ազատությունները, – արդարությունը, որը ապահովվում է արդարադատության ազնիվ համակարգով, – եվրոպական արժեքների պահպանության հարցում իշխանությունների ազնվությունը, – թափանցիկությունը միջազգային հարաբերություններում, – հանրության հուզմունքների և հոգսերի հանդեպ մասնակցությունը, փոխադարձ օգնությունը և աջակցությունը:

Այս ըմբռնումից է, որ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունը պաշտոնական Հունգարիայի դիրքից և այդ դիրքի հանդեպ պաշտոնական Եվրոպայի վերաբերմունքից: Չէ՞ որ ակնհայտ են` – ազնիվ արդարադատության իրականացման շահերի նկատմամբ բացահայտ արհամարանքը, – ցինիկ անտարբերությունը, անհոգությունը մի ողջ ժողովրդի զգացմունքների նկատմամբ, – ինքնահեռացումը, ցուցադրաբար չմասնակցելը և անվերաբերելիություն արտահայտելը, – անազնվությունը պաշտոնական Հայաստանի հանդեպ, արտահանձնման որոշման անթափանցիկությունն ու գաղտնիությունը:

ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ Պաշտոնական Եվրոպայից` Եվրոպական արժեքների նմանատիպ կոպիտ խախտման ազնիվ գնահատական և դատապարտում` ոչ միայն արտահանձման որոշման ընդունման, այլև Հունգարիայի հետագա պաշտոնական մեկնաբանությունների վերաբերյալ: Այդպիսի գնահատականը շատ կարևոր կլինի Եվրոպայի ապագայի համար` այն ապագայի, որին մեզ մասնակից և պատասխանատու ենք զգում:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հունգարիայի Վարչապետ Վ.Օրբանին` ապաշխարանքի կոչ անելով: Ձեր չմտացված, եթե ոչ հանցավոր, գործողություններով Դուք լուրջ հարվածի եք ենթարկել Ձեր երկրի հեղինակությունը: Ապաշխարե՛ք, և Դուք առիթ կունենաք հունգարացիների ապագա սերունդներից ներում ստանալու:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հունգարիայի համալսարանական հանրությանը` կոչ անելով դատապարտել իրենց իշխանությունների դիրքորոշումը և ստիպել նրանց վերադառնալ մեր ընդհանուր արժեքներին և զղջալ իրենց արարքների համար: Մենք հավատում ենք, որ հունգար ժողովուրդը կիսում է մեր հիասթափությունը:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Ադրբեջանի գիտական, մշակութային, կրթական հանրությանը` կոչ անելով դադարեցնել մարդասպանին հերոսացնելու չմտածված խրախճանքը: Սա կարևո՛ր է մեր տարածաշրջանի ապագայի համար:

ՄԵՆՔ ԴԻՄՈՒՄ ԵՆՔ Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Սարգսյանին ` կոչ անելով օգտագործել պետության բոլոր հնարավորությունները միջազգային իրավունքի նորմերի ամբողջական իրականացման և արդարության վերականգնման համար, շարունակել այն քայլերն ու գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության արժանապատվության պաշտպանությանը»: