2011թ. տապալված և սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի կողմնակիցներն են կանգնած Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման ետևում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդպես է կարծում Վաշինգտոնում Լիբիայի դեսպան Ալի Աուջալին:
Նախօրեին անհայտները գնդակոծել են ԱՄՆ հյուպատսության շենքը Բենգազիում նռնականետներից: Հարձակման հետևանքով զոհվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը, դեսպանության տեղեկատվական դեպարտամենտի աշխատակիցն ու երկու քաղծառայողներ:
«Մենք գիտենք, որ Լիբիայում դեռ կան Քադդաֆիի կողմնակիցներ: Դեռ պարզ չէ, թե հատկապես ովքեր էին հարձակվողները, սակայն, վստահ եմ, որ Քադդաֆիի կողմնակիցները ևս մասնակից էին»,-ասել է Աուջալին լրագրողներին Վաշինգտոնում:
Դեսպանի հայտարարությունը հակասում է ԱՄՆ հետախուզության սկզբնական եզրակացություններին, որը կատարվածի մեջ տեսնում է «Ալ Քայեդայի» հետքը: Աուջալին դեսպան էր ԱՄՆ-ում դեռ Քադդաֆիի կառավարման օրոք, սակայն, երբ Լիբիայում անկարգություններ սկսվեցին և զինված ընդդիմությունը առավելության հասավ, դիվանագետն հայտարարեց իրեն ընդդիմադիրների կողմնակից և սկսեց կատարել Վաշինգտոնում լիբիական ընդդիմության ներկայացուցչի պարտականությունները:





