Կրթական համակարգի աշխատակիցները ողջունում են «Dasaran.am» կրթական ծրագիրը: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում նշեց Երևանի թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը, կարևոր է ծրագրի ճկունությունը: «Մեր դպրոցը ավագ դպրոց է և այնպիսի մեթոդներով ու տեխնոլոգիաներով է աշխատում, որպեսզի յուրաքանչյուր աշակերտի հանդեպ անհատական մոտեցում լինի: Ամեն դպրոցական տարբեր թեմաներ է յուրացնում, ստանում տարբեր տնային առաջադրանքներ:
Dasaran.am-ի և դպրոցների միջև համագործակցությունը շատ ակտիվ է, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ»,- նշեց նա` հավելելով, որ դպրոցում գործում է համակարգչային կաբինետ, իսկ համակարգիչների և աշակերտների հարաբերակցությունը 1:20 է, ինչը Հայաստանում բավարար ցուցանիշ է:
Մուղնու միջնակարգ դպրոցի օպերատոր Մերի Խոջոյանն իր հերթին հաստատեց dasaran.am-ի անհրաժեշտությունը` նշելով, որ այն իսկապես շատ օգտակար և կարևոր գործիք է կրթական գործընթացների կազմակերպման համար: «Ես կարծում եմ, որ կայքը` որպես կրթական գործընթացի աջակից, կայացել է»,- հավելեց «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի օպերատոր Նարինե Թունյանը:





